Ես Արեգն եմ, Արեգ Բալայանը,
ում ընկերներն երբեմն–երբեմն կես–կատակ, կես–լուրջ կոչում են բլօջիկահայր, բլօջիկապետ։
Հետևաբար, ես նա եմ, ով երկար տարիների հեռվում չէր էլ կարող պատկերացնել,
որ տատի ու պապի կողմից անընդհատ օգտագործվող «բողոճ» (Լոռվա բարբառով) բառը
մի օր մարմին կստանա ու նաև հոգի, շորեր կհագնի, կերպարանքներ կփոխի՝
Իշուկից մինչև Ուղեղիկ, ուրախ կլինի կամ մի քիչ չարաճճի ու վերջին հաշվով՝
կհայտնվի Ձեր սեղանին՝ որպես գիրք նկարազարդման՝ երեխաների ու այն մեծահասակների համար,
ովքեր երբեք չեն մոռանում, որ “Բոլորս էլ արմատներով մանկությունից ենք”։
Եթե հարցնելու լինեք՝ ովքե՞ր են բլօջիկները կամ ի՞նչ առաքելությամբ եմ ես իրենց տեսնում,
ապա պատկերավոր պատասխանը կլինի մոտավորապես սա.
բոլորս ծնվում ենք ու հընթացս մեր ծնունդին՝ ծիրկաթնային գալակտիկայում
վառվում է մեր անվան լույսը։ Տարիների ու ժամանակի մարդկային վազքի մեջ
մենք դանդաղ հեռանում ենք այդ լույսից, որովհետեւ մեծահասակների
աշխարհում ապրելն իր կանոններն ունի, ինչպես ճշգրիտ նկատում էր Փոքրիկ
իշխանը։ Բլօջիկներն ուղեցույցն են կամ նույնիսկ ուղեկցողը դեպի ետ՝ այդ
լույսը, դեպի մեզ։ Այլ կերպ ասած՝ նավակառանը, որպեսզի բաց օվկիանում
նավարկող նավը միշտ իմանա՝ վերադարձի պահին դադարի ու հենման կետ ունենալու է։
Առհասարակ, ես նաև վավերագրող–լուսանկարիչ եմ, ով հաջողել է ծնունդ
տալ մի քանի նախագծերի՝ նույն լույսի փնտրտուքների մասին, իհարկե,
ջանալով պահել հավասարակշռությունը ու ներառելով ստվերը, որ մարդիկ
միամտաբար անվանում են պատերազմ։
Գրությանհետ՝ հոգ տարեք Ձեր բլօջիկների մասին, չմրսեցնեք։
Մեր բլօջիկները շատ են սիրում ճամփորդել և ծանոթանալ նոր մարդկանց հետ: Բաժանորդագրվե՛ք, որ հետևեք բլօջիկների արկածներին:
Բաժանորդագրվե՛ք և իմացեք վերջին նորությունները բլօջիկների մասին
©All rights reserved by Blojiks & MyKidz, Designed by MyKidz, 2022